Ճապոնիայում գտնվող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է վարչապետ Շինձո Աբեի հետ: Ճապոնիայի վարչապետը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ճապոնական խորհրդարանական փոխգործակցությունը վերջին տարիներին զարգացման կարևոր փուլ է թևակոխել, որ դրական ազդեցություն ունի երկու երկրների համագործակցության վրա: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ հայ-ճապոնական արդյունավետ համագործակցությունը կխորանա նաև միջազգային բազմակողմ հարթակներում: Նա Շինձո Աբեին է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան այցի պաշտոնական հրավերը:
Ճապոնիայի վարչապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի նախագահին և նշել, որ երկու երկրների համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակում: Վարչապետը նշել է, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ առավել խորացնել և զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում:
Գալուստ Սահակյանն ու Շինձո Աբեն քննարկել են տնտեսության, առևտրի, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշել այլ ոլորտներում համագործակցության հնարավոր ուղիները: